Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղ               
 

Պետական մտածողութեան ապազգային տեսակը

Պետական մտածողութեան ապազգային տեսակը
13.07.2024 | 13:08

Տեսնենք, թէ ո՞րտեղից է ակունք առնում Նիկոլ Փաշինեանի այն դոկտրինալ յայտարարութիւնը, համաձայն որի․ «ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականութիւն չի վարել: ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել» (2022թ.)։

Հետաքրքիր է իմանալ, թէ Հայաստանի բոլշեւիկ ղեկավարներն էլ հարիւր տարի առաջ, նման դոկտրինա են որդեգրել, առաւել յստակ դիրքորոշուելով Սեւրի խաղաղութեան պայմանագրի նկատմամբ, որից էլ պարզ է դառնում այսօրեայ արտառոց դիսկուրսների եւ յայտարարութիւնների գաղափարական ակունքներն ու պատմական արմատները։

Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956 թ․) եւ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976 թ․), խորհրդային պետական գործիչ, Հայկական գործերի կոմիսարիատ եւ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցութեան անդամ՝ Արտաշես Կարինեանը (1886, Բաքու - 1982, Երեւան) այսպէս է բնորոշում իր թիմակիցների մօտեցումը․

«Հայկական հարցի շուրջ աղմուկը, բողոքը եւ արեւելեան դիւանագիտական շարժումը հնարաւորութիւն տուած են իմպերիալիստականներուն ճզմելու թուրքերը եւ անոնցմէ խլելու տնտեսական որոշ մենաշնորհներ․․․

«Սեւրի դաշնագիրը այդ նոյն իմպերիալիզմի զէնքերէն մէկն էր: Այսպէս թէ այնպէս, այդ դաշնագիրը հայերը եւ յոյները կ’ոգեւորէ եւ կը լարէ զանոնք թուրքերու դէմ, ու հնարաւորութիւն կուտայ ծաւալապաշտական պետութիններուն տնտեսել իրենց ոյժերը։

«Ով գիտէ, եթէ Սեւրը չ’ըլլար, թերեւս յոյն ժողովուրդն ալ չէր կռուիր, Հայաստանն ալ կը սթափէր իր ազգայնական երազներէն։

«Սեւրի տխրահռչակ դաշնագրի դերը այն եղած է, որ անիկա կազմակերպած եւ հաւաքած է ցրուած ազգայնականները համաձայնութեան շուրջը:

«Գուցէ անոր համար ալ արիւնոտ գոյն ունի Սեւրի դաշնագրին կազմը դաշնակցական կառավարութեան դիւանին մէջ:

«Դաշնակ տիրացուներու համար այդ փաստաթուղթը այժմ ալ ազգային յաղթանակի «խորհրդանշան» է:

«Հայ աշխատաւորներու համար միլիոնաւոր աշխատաւորներու մահը յիշեցնող արիւնոտ կոթող մը»:

(Կարինեան Արտաշէս, Իմպերիալիստական պատերազմը եւ Հայաստանը, Աթէնք, 1925, էջ 32-34)

Դեռ մի կողմ թողնելով Կարինեանի թուրքանպաստ որակումները (Սեւրի դաշնագիրը՝ իմպերիալիզմի զէնք, ազգայնական երազ, տխրահռչակ, արիւնոտ կոթող, եւ այլն, եւ այլն), միայն ընդգծենք երկու հարց․

* Նախ որ «Հայկական հարց» տերմինը, Սեւրի խաղաութեան, շեշտում ենք՝ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ պայմանագրից եւ Վուդրօ Վիլսոնի իրավարար վճռից յետոյ, հետզհետէ փոխարինուել է Հայ դատ հասկացութեամբ, իր յարակից իրաւական հիմնաւորումներով, համապատասխան իրաւատիրութեամբ եւ քաղաքական պահանջատիրութեամբ։ Հարիւր տարի առաջ, Կարինեաները կատեգորիկ մերժում էին ե՛ւ ՀՀ իրաւայաջորդութեան ու առհասարակ գոյութեան հարցերը, հետեւաբար մերժում էին նաեւ Սեւրը եւ միւս բոլոր հիմնաւորումները։

* Ապա Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ոչ մի ղեկավար պաշտօնապէս Հայ դատի քաղաքականութիւն չի վարել, սակայն, եւ ոչ մի ղեկավար, Փաշինեանից բացի, դեկլարատիւ կերպով չի ամրապնդել Հայ դատից պաշտօնապէս հրաժարուելը։ Կարինեանը, եւ դեռ Կասեանն ու միւս բոլշեւիկ ղեկավարները, ինչպէս նաեւ Նիկոլ Փաշինեանն ու ՔՊ-ական պաշտօնեաները ժխտում էին ու ժխտում են Հայկական հարցն ու Հայ դատը, պաշտօնապէս հրաժարւում էին ու հրաժարւում են իրենց իսկ իրաւատիրութիւնից, պարզապէս՝ Թուրքիային ու «Ադրբեջան»-ին հաճոյանալու եւ այդ պետութիւնների կամքն ու նախապայմանները ի կատար ածելու գործնական մղումով։

Հենց սա է պետական մտածողութեան ապազգային տեսակը եւ գիծը։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 7293

Մեկնաբանություններ